National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.02.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Էլինար Վարդանյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում փետրվարի 21-ին քննարկել եւ ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ նախագիծը մշակվել է՝ ելնելով ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող դրույթներից:

Ըստ այդմ՝ նախատեսվում է փաստաբանության ոլորտում իրականացնել մի շարք սկզբունքային բարեփոխումներ, որոնք վերաբերելու են քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու նոր, այլընտրանքային մեխանիզմի ներդրմանը, փաստաբանների վարքագծի նվազագույն չափորոշիչներին, այլ աշխատանքի անցած փաստաբանի արտոնագրի պահպանմանը, փաստաբանների պատրաստման եւ վերապատրաստման ընթացակարգերին, օտարերկրյա պետության դիպլոմ ունեցող իրավաբանների՝ ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու հարցին, այլ երկրի քաղաքացիություն ունեցող փաստաբանի՝ ՀՀ-ում գործելու կարգին եւ այլն: Նախագիծը բազմիցս քննարկվել է ՀՀ փաստաբանների պալատում. փաստաբանների ներկայացրած առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով նույնպես մասնակցում էր հանձնաժողովի նիստին, կարեւորել է կառավարության կողմից առաջարկվող իրավակարգավորումներն ու փոփոխությունները, ներկայացրել լրացուցիչ առաջարկներ: Նա առանձնապես կարեւորել է հանրային պաշտպանի վերաբերյալ առաջարկվող նոր, այլընտրանքային մեխանիզմի ներդրումը, քանի որ այսօր հանրապետությունում գործող 55 հանրային պաշտպաններն աշխատում են խիստ ծանրաբեռնված, ուստի, նրա կարծիքով, այլընտրանքային մեխանիզմի ներդրումն անհրաժեշտություն է:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ առաջիկայում կներկայացվի նախագծի նոր, առավել լրամշակված տարբերակը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am